Լրագրող Տիրայր Մուրադյանի գործով մեղադրանք է առաջադրվել Կոտայքի ոստիկանապետին

23.05.2018 | 17:51 | Իրավունք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Երեւան-Աբովյան մայրուղում բռնի ուժով քաղաքացիական մեքենան նստեցրած Կոտայքի մարզի ոստիկանապետ Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին գրում է armtimes.com-ը` հղումով իր աղբյուրներին:

Նշվում է, որ  Արզումանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Ըստ հրատարակության տեղեկությունների, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված այս գործի շրջանակներում լրագրող Տիրայր Մուրադյանը տուժող է ճանաչվել:

Հիշեցնենք, որ Տիրայր Մուրադյանին ապրիլի 20-ին Երեւան-Աբովյան մայրուղում բողոքի ակցիա լուսաբանելու ժամանակ մոտեցել են ոստիկաններ` Արզումանյանի գլխավորությամբ, և հորդորել դադարեցնել նկարահանումները, ապա բռնի ուժով նստեցրել են քաղաքացիական ավտոմեքենայի մեջ և տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ:


Կարդացեք նաև: