Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում Սոչիում (Թարմացվում է)

14.05.2018 | 13:49 | Քաղաքականություն

17:05 Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը:

Ինչպես սպասվում է՝ նիստի մասնակիցները կքվեարկեն Մոլդովային ԵԱՏՄ-ում պետական դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին:

16:39 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի հետ:

Լուկաշենկոն խոստովանել է, որ այս հանդիպմանը սպասում էր: «Մենք դժվար թե կարողանանք ոտքի վրա քննարկել բոլոր հայեցակարգային խնդիրները, որոնք գոյություն ունեն աշխարհում, մեր շուրջը: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան կամ կլինեն»,- նշել է նա:

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի նոր վարչապետին մանրամասն պատմել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման, Եվասիական տնտեսական միության գործունեության մասին: «Շատ կարեւոր է, որ դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսին եւ եղբայրական հայ ժողովրդին ու ձեր պետությանը մեր վերաբերմունքին: Այս պատճառով սա շատ կարեւոր հանդիպում է,- հայտարարել է Բելառուսի նախագահը: – Ընդհանրապես, կեցցե՛ք: Դուք այդ իրավիճակից շատ արժանապատվորեն եւ ճիշտ դուրս եկաք, դուք արդեն ինքներդ եք դա զգացել: Մենք ձեզ համար ուրախ ենք»:

14:24 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պուտինը Փաշինյանին վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է իր մերձավոր գործընկերը: «Սա վերաբերում է ե՛ւ տնտեսական համագործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին»,- նշել է նա: Պուտինն ասել է, որ  Ռուսաստանը Հայաստանի  առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է: «Ռուսական կապիտալ ներդրումները Հայաստանում բոլոր արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսն են կազմում: Վերջին շրջանում երկրների միջեւ ապարանքշրջանառության 25 տոկոսով աճ է նկատվում: Առաջանցիկ տեմպերով աճում են Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները, միայն անցյալ ամիս աճը 38 տոկոս է կազմել: Սա շատ լավ դինամիկա է, որը հույս ունենք ոչ միայն պահպանել, այլեւ բազմապատկել»,- նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նոր պաշտոնում Փաշինյանին հաջողություններ է ցանկացել: «հույս ունեմ, որ հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթաց, որքան եղել է մինչեւ հիմա, այդ թվում՝ միջազգային համագործակցության մասով: Մասնավորապես՝ ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես միմյանց աջակցել են, ինչպես նաեւ  տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են։ «Բայց այն, ինչ քննարկման ենթակա չէ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք ունենք մեծ ցանկություն տալու նոր իմպուլս մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանը գրավիչ է ռուս զբոսաշրջիկների համար, ինչը շատ հաճելի է։

Վարչապետն ընդգծեց ՌԴ հավասարակշռված դիրքորոշումը՝ ՀՀ ներքաղաքական հարցերի առնչությամբ։ «Ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մակարդակում»,-ասաց նա:

13:58 Հայտնվել է առաջին տեսանյութը Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպումից

Այսօր` մայիսի 14-ին, Սոչիում տեղի է ունենում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը` կազմակերպության անդամ երկրների առաջին դեմքերի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր գագաթաժողովի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Փաշինյանը Սոչիում հանդիպել է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Լուրի հրապարակման պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Կարդացեք նաև: