Ռուսաստաը կարող է սահմանափակել բանջարեղենի ներմուծումը Հայաստանից. ՀՀ ՍԱՊԾ-ն ճշտումներ է իրականացնում

11.05.2018 | 16:49 | Քաղաքականություն, Տնտեսություն

Ռուսաստանի գյուղատնտեսական տեսչությունը (Ռոսսելխոզնադզոր) կարող է ժամանակավոր սահմանափակումներ է մտցնել Հայաստանից լոլիկի և վարունգի ներմուծման վրա այն բանից հետո, երբ այդ բանջարեղենների խմբաքանակներում վնասատու միջատներ են հայտնաբերվել: Այդ մասին ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ծառայությունը հաղորդում է, որ ընթացիկ տարվա մայիսին տեսչության աշխատակիցները ուժեղացրել են հսկողությունը Հայաստանից՝ «Վերին Լարսի»անցակետով ներմուծվող ապրանքների նկատմամբ։

«Հայաստանից Ռուսաստան ապրանքների ներկրման ընթացքում, որոնք ուղեկցվել են ֆիտոսանիտարական սերտիֆիկատներով, որ տրամադրում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը, 2018 թվականի մայիսի 3–ից 9–ը ընկած ժամանակահատվածում ՝ Ռուսաստանի համար կարանտինային համարվող երկու տեսակի միջատների հայտնաբերման յոթ դեպք է բացահայտվել»,–հաղորդում է գերատեսչությունը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իր հերթին հայտնում է, որ աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու եւ դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին եւ խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին», – հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որեւէ սահմանափակում չկա:


Կարդացեք նաև: