Թավշյա հեղափոխությունն ու երաժշտությունը. Կարճ ակնարկ

03.05.2018 | 15:52 | Top, Հասարակություն

Հայաստանում վերջին շաբաթներին տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը որոշակի իմաստով նաև մշակութային հեղափոխություն է: Խոսքը ոչ թե հեղափոխությունից բխող մշակութային փոփոխությունների, այլ հեղափոխության մշակութային ուղեկցության մասին է, այն արձագանքի, որն ունեցել են շարժումը եւ դրա առաջնորդը փոփ/մասսայական մշակույթում:

Հայաստանում տեղի ունեցած/ունեցող թավշյա հեղափոխությունը բացառիկ է նրանով, որ դրանում ներգրավված են հասարակության ամենատարբեր շերտերը, այդ թվում` ենթամշակութային: Դրա վառ ապացույցն է, որ շարժման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված և հրապարակված երաժշտությունը ունի ժանրային և ոճային խայտաբղետ պատկեր: Շարժման մասին երգերը ներառում են Հայաստանում պոպուլյար գրեթե բոլոր ժանրներն ու ոճերը, ինչը ցույց է տալիս, որ հեղափոխության կողմնակիցները տարբեր ենթամշակութների ներկայացուցիչներ են:

Ընդ որում, հարկ է նշել, որ հեղափոխության մասին երգերի ժանրային ընդլայնումը տեղի է ունեցել քայլ առ քայլ, ինչն իր հերթին պատկերում է, թե հասարակության որ շերտերը ինչպիսի քրոնոլոգիայով են հարել շարժմանը: Այսպես, օրինակ, շարժման մասին ռոքային երգը շրջանառվել է ավելի շուտ, քան, ասենք, Թաթա Սիմոնյանի` շարժման մասին գրված երգը:

Ընդհանուր առմամբ, շարժման հաջողության կարևորագույն գրավականներից մեկը հենց երաժշտական ուղեկցությունն էր: Երևանում սկսված բողոքի ակցիաների ամենաառաջին օրվանից շրջանառվում էր հենց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տեքստով «Իմ քայլը» երգը` Հայկ Ստվերի կատարմամբ, որը դարձել է հեղափոխության խորհրդանիշներից մեկը: Երգը հեղինակի յութուբյան ալիքում հրապարակված է ապրիլի 9-ին:

Սրան զուգահեռ, շարժման և բողոքի ակցիաների մասնակիցների կողմից սկսվեց ակտիվորեն շրջանառվել հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկի` Որդան Կարմիրի «Քայլ արա» երգը, որը թեև հրապարակվել էր 2016 թվականի սեպտեմբերին, սակայն ամբողջովին համապատասխանում էր հեղափոխության կարգախոսին և ոգուն: Ուշագրավ է, որ այս երգը առավել շատ տարածվում էր ուսանողության շրջանում և այն երիտասարդության, որը, պայմանական կերպով, կարելի է անվանել «փաբային»: Սրա ամենավառ դրսևորումներից էր թերևս ապրիլի 20-ին Երևանում Թումանյան և Սարյան փողոցների խաչմերուկում Բրյուսովի անվան համալսարանի մոտ տեղի ունեցող ակցիան, երբ ուսանողները փակել էին խաչմերուկը: Համալսարանի հարևանությամբ գտնվող հայտնի «Ստոպ» ակումբը միացել էր երիտասարդների ակցիային և բարձր միացրել էր հենց Որդան Կարմիրի երգը:

Վերջին տարիներին ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երաժշտական ամենաակտուալ ուղղություններից է համարվում ռեպը/հիփ հոփը: Բնականաբար, հայաստանյան շարժումը, որի կորիզը կազմում են երիտասարդները, չէր կարող չունենալ, այսպես ասած, հիփհոփային ուղեկցություն: «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսի տրամաբանությամբ ստեղծագործությունները տարբեր են, իսկ դրանցից մեկը հնչել է նույնիսկ Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ:

Վերջին շաբաթներին Երևանում ամենաշատ լսված և հնչած երաժշությունը, թերևս «Քայլ արա, մերժիր սերժին» երիզն էրՙ դիփ հաուսային մշակմամբ և Նիկոլ Փաշինյանի ձայնի օգտագործմամբ: Սա հատկանշական է նրանով, որ վերջին տարիներին Հայաստանում ավելանում է էլեկտրոնային երաժշտության սիրահարների քանակը: Դիփ հաուս հաճախ հնչում է երևանյան սրճարաններում, ժամանցի վայրերում, տարատեսակ միջոցառումների ժամանակ:

Շարժմանը ընդլայնման հետ զուգահեռ, սակայն, տեղի ունեցավ երաժշտական մի իրադարձություն, որը կտրուկ փոխեց փողոցում պայքարող քաղաքացիների տրամադրությունը, ինչպես նաև, այսպես ասած, ակտիվացրեց հանրության մի լայն շերտի, որի երաժշտական նախասիրությունները չէին բավարարվում մինչ այդ եղած կատարումներով:

Ապրիլի 26-ին, երբ շարժման առաջնորդները դեռ պետք է հանրահավքներ անցկացներին Գյումրիում և Վանաձորում, իսկ մայիսի 1-ին պետք է տեղի ունենար ԱԺ տխրահռչակ նիստը և այնուհետ` մայիսի 2-ին աննախադեպ անհնազանդության գործողությունները Հայաստանի ողջ տարածքով, հրապարակվեց սիրված երգիչ Թաթա Սիմոնյանի «Հայաստան, բարև» երգը, որը միանգամից դարձավ ամենաշատ հնչող կատարումը: Բավական է նշել, որ Թաթայի ֆեյսբուքյան էջում կատարմն ունի 580 հազարից ավել դիտումներ, իսկ YouTube-ում` ավելի քան 560 հազար:

Եւ սա ամենևին ամբողջը չէ: Շարժումն ու հեղափոխությունն իրենց արձագանքն են գտնում այլ երաժշատական ժանրերում ևս: Հատկանշական է, որ կան նաև ռեմեյքներ բոլորովին այլ ոճի երգերի, որոնցում, շարժման կարգախոսների տրամաբանությամբ, փոխված են բառերը: Այդպիսի կատարումներից է, մասնավորապես, հայտնի ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի «Մոտ արի կամաց-կամաց» երգի վերակատարումը, որի ձայնագրությունը, սակայն, մեզ չհաջողվեց գտնել համացանցում:

Երաժշությունը, սակայն, զանգվածային մշակույթում հեղափոխության արձագանքների միայն մեկ տարբերակը չէ: Իրականում մեր մշակույթում թավշյա հեղափոխության արձագանքները և հղումները շատ ավելի շատ են, որոնց հայտնաբերման և վերլուծության համար ամբողջական գիտական հետազոտություններ են անհրաժեշտ:


Կարդացեք նաև: